Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյանը` առայժմ

Նիկոլ Փաշինյանը` առայժմ
15.04.2018 | 10:40

Երեկ Ծաղկաձորում ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշվեց ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհուրդը քննարկեց հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը: Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:


Երեք օր է Նիկոլ Փաշինյանը զբոսնում է Երևանի փողոցներում ու գիշերում Ֆրանսիայի հրապարակում, ու` ի՞նչ: Ամփոփենք միջանկյալ արդյունքները.
1. Իր ոչ մի խոստում նա չի կատարում: Մտավ համալսարան, որ Արամ Սիմոնյանին հանդիպի, դուռը փակ էր: Դուռն ու աշխատակցի մատը կոտրելուց հետո վերադարձավ ելման դրություն: Հզոր երթ հայտարարեց Ծաղկաձոր` տեղ չհասավ: ՀՀԿ-ն իր նիստն արեց, իր թեկնածուին առաջադրեց: Մնաց հայտարարել, որ ՀՀԿ-ն վախից փախավ Ծաղկաձոր: Իսկ գուցե գնացել է հանգստանալու: Գրոհեց Հանրային ռադիո, որ ուղերձ հնչեցնի, ստուդիան հոսանքազրկվեց, ուղերձը մնաց հետևից պտտվող լրագրողների հույսին: Ի՞նչ երաշխիք, որ կատարելու է ԱԺ նիստը տապալելու խոստումը
2. Առայժմ հրաշալի ապացուցել է, թե որքան ժողովրդավարական երկիր է Հայաստանը: Նկատեք` Առաջին հանրապետության 100-ամյակից ու Ֆրանկոֆոնիայի նիստից առաջ: Ֆրանսիայի հրապարակը փակում է, երթևեկությունը խառնում է իրար, 100 հոգով գիշերում է խաչմերուկում, ոստիկանությունը ընդամենը հորդորում է օրենքը չխախտել, ժամը 11-ից հետո չաղմկել: Ընդդիմությունն իրականացնում է իր իրավունքները, պետությունը` պահպանում է ընդդիմության իրավունքները: Համեմատության համար` հիշեք 2004-ի ապրիլը ու Բաղրամյան 26-ից մինչև օպերա արյունոտ մայթերը: Մյուս տարիներն էլ կարող եք հիշել: Էլեկտրիկ Երևանն էլ` մի տարբերությամբ` Սանիտեկի աղբամանների փոխարեն հիմա «Երևան» նստարաններն են օգտագործվում: Այո, Հայաստանը Բելառուս չէ, Ղազախստան չէ, Ռուսաստան էլ չէ, Հայաստանը շատ ժողովրդավարական երկիր է: Ի՞նչ էր ասում ՀՀԿ-ն: Նույնը: ՀՀԿ-ն ասում է, Նիկոլ Փաշինյանն ապացուցում: Ինչո՞վ համագործակցություն չէ:
3. Երեք օր է` հրապարակներում ու փողոցներում պտտվում, խոսում է, հրամաններ է տալիս, անեկդոտներ է պատմում, ու` ի՞նչ: Հարյուր հազարավորները միացա՞ն: Նվաճումը` Պարույր Հայրիկյան, որ պարապ է մնացել, Արամ Հարությունյան, որ վարկաբեկում է ինչին դիպչում է, Րաֆֆի Հովհաննիսյան, որ մի քանի օր առաջ նախագահի երդմնակալությունից հետո նախկին ու ներկա նախագահների ձեռքն էր սեղմում ու շնորհավորում, Արամ Կարապետյան, որ պարզապես հետաքրքրություն է որոնում, Խաչատուր Քոքոբելյան, որ ուզում է իրեն հիշեցնել: Ամեն օր բոլոր ընդդիմադիրներին հրավիրում է, անգամ Արթուր Բաղդասարյանը չի միանում, նա էլ է հասկացել, որ ռուսական ենթատեքստում ամեն ինչ չէ, որ պետք է անել:
Ուրի՞շ ինչ է արել: Ժողովրդի համար հարթակ է բացել: Ժողովուրդը ոչ զվարճանալու, ոչ տրանսպորտի աշխատանքը խափանող զբոսանքի, ոչ իր հաշվին հերոս-հերոս խաղալուն մասնակցելու տրամադիր չէ: Եվ շատ լավ է հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իշխանության, այլ ընդդիմության հետ է պայքարում: Իշխանության հետ այդպես չեն պայքարում, առավելևս` իշխանափոխությունը այդպես չեն անում ու իշխանությանն այդպես չեն հաղթում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ իրավախախտումներով քրեական գործեր են հարուցվելու: Դա կլինի Նիկոլ Փաշինյանի միակ փրկությունը` դատ, դատարան, բոցաշունչ ելույթներ ու հերոսի փառապսակ: Այդ ժամանակ արդեն ո՞վ կհարցնի, թե իշխանափոխությունն ի՞նչ եղավ:

Դիտվել է՝ 3886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ